Uncategorized @hy

Պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնասիրություններ

ՀՀ մշակույթի նախարարության՝ 2008թ․ հուլիսի 4-ին «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումների իրականացման ծրագրի և ժամանակացույցը հաստատելու մասին» № 416-Ա հրամանի շրջանակներում՝ Թեղուտի հանքավայրի շահագործման գոտում 2009-2017 թթ. իրականացվել են պեղումներ, որոնք հաստատել են տար­բեր դարաշրջանների հնագիտական օբյեկտներով տարածքի խիստ հագեց­ված լինելը։

Բացահայտված արտադրական օբյեկտները և դամբարանադաշտերը վկայում են, որ դրանց հարևանությամբ պետք է լինեն համապատասխան դարաշրջանի բնակավայրեր, որոնց բացահայտումը տարածքի հնագիտական ուսումնասիրության մեկ այլ կարևորագույն խնդիր է:

Հիմք ընդունելով վերոնշյալը,  2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արշավախումբը՝ Սուրեն Հոբոսյանի ղեկավարությամբ, վերսկսեց «Թեղուտ» ՓԲԸ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների, պեղումների և այդ հուշարձանների պահպանության համար անհրաժեշտ աշխատանքները:

Աշխատանքները հիմնականում կենտրոնացված էին Բովեր, Ղարաքոթուկ և Ֆիրմի բաղեր հնավայրերում:  

  • Բովեր հնավայրի՝ Բովեր-2 դամբարանադաշտում պեղվեց ինչպես մ.թ.ա I հազարամյակին պատկանող դամբարանադաշտ, այնպես էլ միջնադարյան  բնակավայրին վերաբերող շինություններ:
  • Ղարաքոթուկ հնավայրում, պեղվեց ճանապարհի եզրին հայտնված չորս երկաթեդարյան դամբարան, նույն տեղամասում իրականացվեցին նաև միջնադարյան հնձանի (XII-XIII դդ.) մաքրման ու  դրա հետագա պահպանությանն ուղղված աշխատանքներ:
  • Ֆիրմի բաղեր հնավայրում հայտնաբերվեց կիսով չափ ավերված մի կարաս, որի շրջակայքում առկա էին հիմնականում ուշ միջնադարյան շրջանի խեցեղենի տարբեր մեծության բեկորներ:

Պեղումներին զու­գահեռ նաև տեղզննություններ կատարվեցին հանքավայրի այլ տարածքներում, փաստագրվեցին մի շարք հուշարձաններ, որոնք նախատեսվում է ուսումնասիրել 2022թ-ին: Հնագիտական հուշարձանների հետագա պեղումները հնարավորություն կտան ամբողջականացնել ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի պատմության և հնագույն անցյալի վերակազմության համար անհրաժեշտ սկզբնաղբյուրները:

Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ «Թեղուտի հանքավայրի իրացման գոտում հայտնված պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնասիրության և Պեղումների» ծրագրի դաշտային հնագիտական հետազոտությունների հաշվետվությունից՝ անցնելով կցված հղումով: